AM
22 Նոյեմբեր 2012 - 08:59 AMT

Armcomedy-ի «Գիշերային ձայնավաճառ» հոլովակը հաղթել է սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնում

Նոյեմբերի 22-ին Երևանում կայացավ «Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի» ամփոփիչ միջոցառումը: Հայտարարվեց փառատոնի շրջանակում իրականացված մրցույթի հաղթողը: «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում «Կանաչաստան» ՀԿ-ի, Աուդիո-Վիզուալ Լրագրողների Ասոցիացիայի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված փառատոնի հաղթող է ճանաչվել Armcomedy ստեղծագործական թիմի կողմից ներկայացված «Գիշերային ձայնավաճառ» հոլովակը:

«Հոլովակն ուղղված է պայքարել ընտրությունների ընթացքում ձայների գնման երևույթի դեմ»,- նշեցին հեղինակներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Մրցույթին ներկայացված 20 աշխատանքներից պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հաղթող ճանաչված հոլովակը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ համագործակցության շնորհիվ կհեռարձակվի եթեր:

«Կանաչաստան» ՀԿ տնօրեն Տիգրան Ճորոխյանը նշեց, որ սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը նպատակ ունի նպաստել որակյալ սոցիալական գովազդի մշակույթի զարգացմանը և երիտասարդ մասնագետների ու քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը: Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանն իր հերթին գոհունակություն հայտնեց առաջին փառատոնին ստացված արձագանքների քանակի կապակցությամբ` նշելով, որ հայտեր էին ներկայացվել նաև արտասահմանից, ինչն ընդգծում է փառատոնի արդիականությունը: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում սոցիալական գովազդի դպրոց կձևավորվի:

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 10-15-ը ոլորտի առաջատար մասնագետների կողմից իրականացվել են նաև անվճար դասընթացներ սոցիալական գովազդով հետաքրքրվող ավելի քան 50 մասնակիցների համար: Դասընթացի ավարտին մասնակիցները մշակել են սցենարներ, որոնց նկարահանման համար ցանկության դեպքում նրանց տրամադրվել է սարքավորում և մասնագիտական խորհրդատվություն: Շատերն իրենց դեբյուտային աշխատանքներն են ներկայացրել մրցույթին: