Հայ-թուրքական հարաբերությունների վիճակը հիմա ավելի վատ է, քան արձանագրություններից առաջ: Այսօր ասուլիսի ժամանակ նամն կարծիքը հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը և մեկնաբանեց.
«Եթե արձանագրություններից առաջ, օրինակ, ուրիշ երկրների դեսպանատներում հայ և թուրք պաշտոնյաները հանդիպում, զրուցում էին, ապա հիմա դա էլ չկա, քանի որ հայկական կողմը հասկանում է, որ Թուրքիան այդպիսի քայլերը կներկայացնի որպես գաղտնի բանակցություններ»:
Թուրքագետի խոսքով երկու կողմն էլ պատրաստվում են 2015-ի ապրիլի 24-ին: Հայկական կողմի պատրաստությունները գաղտնի են պահվում: Հոռետեսներն ասում են 6-7 գրքից ավել ոչինչ չի լինի, իսկ ինքը հույս ունի, որ նույնիսկ հարձակողական քաղաքականություն է մշակվում:
«Թուրքիան ավելի ակտիվ է նախապատրաստվում և ավելի վտանգավոր: Քաղաքականություն է տարվում հայկական սփյուռքը որպես Օսմանայն ներկայացնելու ուղղությամբ, քանի որ սփյուռքահայերը Օսմանյան հպատակների սերունդներն են և որպես իրենց հայրենիք, օրինակ, Մալաթիան են նշում, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը», – ասաց Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով ՝Թուրքիան կարող է գաղտնի բանակցություններ սկսել սփյուռքի որևէ անհայտ կառույցի հետ, հասնել ինչ-որ համաձայնությունների և ապրիլի 24-ի նախօրեին հայտարարել, թե հայկական սփյուռքը, ասենք, տարածքային պահանջ չունի կամ ցույց տալ թե պաշտոնական Երևանը ստում է հարաբերություններ չլինելու մասին: Մի այդպիսի քայլը բավական կլինի ԱՄՆ նախագահի համար:
«Կարելի է արդեն այսօր թույլ չտալ, որ Թուրքիան օգտագործի սփյուռքի չկազմակերպված լինելը: Պետք է տեղեկացված լինել և ավելի շուտ հայտարարել, որ այդ կառույցները չեն կարող ամբողջ սփյուռքի տեսակետն արտահայտել: Սփյուռքի նախարարությունը, որն արդեն կարևոր կապեր է ստեղծել, իմ կարծիքով, ոչ թե մշակութային, այլ արտաքին քաղաքական կառույց է: Մեր դեսպանատները հայաշատ համայնքներում շատ աշխատանք ունեն»,- ասաց Արտակ Շաքարյանը:





