Այսօր Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության մասին թեմայով զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Օրակարգային հաջորդ`ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին և 2012թ. ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների, Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքերի, ինչպես նաև իրավիճակի հնարավոր սրման դեպքում անվտանգության համակարգի ամրապնդման օրենսդրական և կազմակերպչական միջոցների մասին զեկույցներով հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդպեց Ղազախստանի Սենատի նախագահ Կայրաթ Մամիի հետ: Պարոն Մամին շնորհավորեց ԱԺ նախագահին վերընտրության առիթով` նշելով, որ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, այս համատեքստում շեշտելով, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է: Պարոն Մամին նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման գործում կարևոր դեր ունի նաև հայ համայնքը. Ղազախստանում ապրում են մոտ 30 հազար հայեր:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորեց հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների օգտագործմամբ` գործուն կապերի մեխանիզմների ձևավորումը և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը:
Երկուստեք կարևորվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, փոխգործակցությունը խորհրդարանների հանձնաժողովների և բարեկամության խմբերի մակարդակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Հովիկ Աբրահամյանը Ղազախստանի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:





