Վաղը՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է 2003 թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործով հերթական նիստը:
Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց ճառերը: Սակայն նիստին ներկայացել էին երեք մեղադրողներից մեկը, տուժողներից մեկի իրավահաջորդը, ամբաստանյալները և նրանց շահերի պաշտպանը:
Դատին ներկայացած մեղադրողը դատարանում հայտնել էր, որ մյուս երկու մեղադրողներից մեկը գտնվում է բուժման մեջ, իսկ մյուսը՝ արձակուրդում: Նշենք, որ մեղադրողների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է արդեն երեք անգամ:
Հիշեցնենք, որ 2006 թ.-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թ.-ի վերջին սկսվել է նոր դատաքննություն:





