AM
23 Նոյեմբեր 2012 - 10:11 AMT

Գուգարաց թեմում այս տարի վերաօծվեց չորրորդ եկեղեցին

Գուգարաց թեմում անցնող 15 տարիների ընթացքում` 1996-2012թթ., կառուցվել, վերանորոգվել և վերակառուցվել են թվով 34 եկեղեցիներ, որոնցից 9-ը նորակառույց են, իսկ 25-ը` վերանորոգված և վերակառուցված: Ներկայումս թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում: Այս տար Լոռու մարզում վերաօծված 3 եկեղեցիներին` Մեծ Պառնի, Չկալով և Ձորագյուղ համայնքների եկեղեցիներին, հաջորդեց Վանաձորի Խնձորուտ թաղամասի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցու վերաօծումը:

Նոյեմբերի 22-ին թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ օծվեց Սուրբ Սեղանը, Խորանը և Մկրտության Սուրբ Ավազանը: Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Տեր Ներսես քահանա Ղալայանը: Արարողությանը ներկա էին մարզային, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց եկեղեցու շինարարական աշխատանքներին իրենց նյութական ու բարոյական աջակցությունը ցուցաբերած բոլոր ազնիվ հայրենակիցներին, այդ թվում նաև եկեղեցուն սրբապատկերներ նվիրաբերած անձանց` Արթուր Նալբանդյանին, Սամվել Դարբինյանին, Ռոբերտ Ավալյանին, Արեն Աղաբաբայանին, Արմեն Վարդումյանին, Արմեն Պետունցին, Արամ Հախինյանին, Վահե Դոխոյանին, Արթուր Ղալայանին, Արմեն Վարդումյանին և ռուսաստանաբնակ Խաչատուր Սարգսյանին և նրանց ընտանիքներին: Այս մասին հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմից: