AM
23 Նոյեմբեր 2012 - 10:32 AMT

Հունվարի մեկից 9000 պահնորդ/թիկնապահ կմնա առանց աշխատանքի

Ոստիկանությունն իրեն է վերցնում պահնորդական ծառայություններ մատուցելու մենաշնորհը: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեցին Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ/թիկնապահներ պատրաստող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը, իրավաբանական ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը և առանձին կազմակերպությունների հիմնադիրներ:

«Հունվարի մեկից ուժի մեջ մտնող «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը կիրառելու համար ոչ մի պայման չի ստեղծվել: 11 ամիս ժամանակ կար, բայց ոչ մի քայլ չի արվել: Պահնորդական գործունեություն իրականացնելու համար հարկավոր է լիցենզիա, որը որակավորում է պահանջում: Որակավորումը պիտի տա համապատասխան լիցենզավորված կրթական հաստատությունը, բայց գործող ուսումնական հաստատություններից ոչ մեկը լիցենզավորված չէ», – ասաց Նազելի Վարդանյանը:

Բացի այդ՝ որակավորում պետք է տա նաև ոստիկանության համապատասխան հանձնաժողովը, այսինքն` ոլորտում իրենց մրցակիցն է որոշելու` աշխատեն, թե՝ ոչ:

Նազելի Վարդանյանի խոսքով բոլոր ընթացակարգերն անցնելու համար պահնորդին ամենաքիչը 4 ամիս, իսկ թիկնապահին 1 տարի պետք կլինի: 2013-ի վերջին, 2014-ի սկզբին հնարավոր չէ այդ օրենքը կիրառել:

«Սա խոսում է այն մասին, որ գործող կազմակերպությունները հունվարի մեկից դադարեցնելու են իրենց գործունեությունը` միտումնավոր, թե օրենքի բացի պատճառով: Հակառակ դեպքում հսկայական վարչական տույժերի են ենթարկվելու: 9000 աշխատաող մնալու է առանց աշխատանքի: Արդյունքում պահնորդական ծառայության մենաշնորհը մնալու է ոստիկանությանը», – ասաց Նազելի Վարդանյանը:

«Քանի որ մնացել է միայն վերջին քառօրյան և մենք հասկանում ենք, որ անհնար է այդ ընթացքում օրենքը փոփոխել, պահանջում ենք, որ 35-րդ հոդվածում գոնե անցումային դրույթներ ընդունվեն», – ասաց Հովհաննես Պետրոսյանը:

Նրանց խոսքով՝ այս օրենքն ընդունվեց լրատվամիջոցներում թիկնազորերի մասին աղմկահարույց հրապարակումների հետևանքով: