AM
23 Նոյեմբեր 2012 - 10:52 AMT

Հարց քաղաքապետարանի աշխատակիցներին. Ձեր սրտի մայրաքաղաքի մեջ մարդիկ մտնու՞մ են

Մոտ մեկ ամիս առաջ հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակից հոգնած ու զայրացած՝ հերթական անգամ դիմեցինք Երևանի քաղաքապետին ու քաղաքպետարանի աշխատակիցներին: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետի Ֆեյսբուքյան էջին տեղադրված PanARMENIAN.Net-ի հրապարակման տակ կես էջանոց հեքիաթ պատմեց, վերջում էլ ասաց ՝ առաջիկայում բարեփոխումները նկատելի կլինեն:

Հետաքրքիր է՝ ձեր «առաջիական» ե՞րբ է:

Բարեկարգված բակեր, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ , կարուսելիկներ, դեկորատիվ ծառեր ու թփեր: Քաղաքապետարանի բոլոր հաղորդագրությունները նույն տողերով սկսվում, նույն տողերով վերջանում են: Ի դեպ՝ ծառերի ու թփերի մասին: Քաղապետարանում տարիներ առաջ տեղադրված պալմաների ձեռքբերման համար հատկացված գումարով գիտե՞ք քանի ջարդված գազել կարելի էր վերանորոգել: Հատկապես, երբ պալմաները մնացին անխնամ ու չորացան, ինչևէ:

Պարոն Նավասարդյան

Ձեզ պարզապես տեղեկացնենք, որ ոչինչ չի փոխվել.մենք երթևեկում ենք այնպես , ինչպես մեկ ամիս առաջ, այնպես, ինչպես 1 տարի առաջ և այնպես, ինչպես… Ավելին, դուք երևի չեք նկատել, որ որոշ միկորավտոբուսներ արդեն մասնատվում են՝ մեկի դուռն է պոկվում, մյուսի՝ աթոռները:

Պարոն քաղաքապետ

Կանաչապատման գերհզոր առաքելությունը, միգուցե, համարենք ավարտվա՞ծ ու մի քիչ էլ ուրի՞շ բաների մասին մտածենք: Մեզ բնավ պետք չեն ձեր դեկորատիվ ծառերը, երբ ամեն առավոտ ականատես ենք լինում հիմա էլ փոխված համարների պատճառով սոդոմ-գոմորի վերածված երթուղային ցանցի աշխատաքին: Գիտեք, մեզ անգամ չի հետաքրքրում, որ Չեխիայի եսիմ որ մի քաղաքի հետ հուշագիր եք ստորագրում եսիմ ինչի մասին, պատկերացնո՞ւմ եք:

Էլ չենք խոսում Հրապարակում դիսկոտեկ անելու համար ծախսված 90 միլիոնի, ու արդեն սարսափելի է մտածել, մի էդքան էլ ամանորյա եղևնիկների ու ձմեռ պապիկների վրա ծախսվելիքի մասին:

Պարոն տրանսպորտի և կապի նախարար

Ձեզ ուղղված միակ խնդրանքը. մի օր երևանյան մի կանգառում իջեք Ձեր մեքենայից ու մի 5 րոպե նայեք շուրջը:

Սիրելի համաքաղաքացիներ

Եթե այս ամենը լիներ մեկ այլ երկրում, հիմա էնքան գործադուլ ու ցույց էին արել, որ բոլոր պատասխանատուները վաղուց արտագաղթել էին: Իսկ մե՞նք ինչ ենք անում: Այո, ճիշտ հակառակը:

Երբ անցած շաբաթ ֆուտբոլային հանդիպումից հետո դերասանուհիներից մեկը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մենք ոչխարի հոգեբանություն ունենք, հարյուր հազարավոր «բանական էակներ» հարձակվեցին նրա վրա և «ապացուցեցին», որ մենք ոչխար չենք:

Հիմա հարց՝ եթե 22-25 տարեկան աղջիկը մի կերպ բացում է կարմիր լույսի տակ (ոչ թե կանգառում, այլ՝ կարմիր լույսի տակ) կանգնած երթուղայինի դուռը, խցկված մարդկանց ներս է հրում ու գոռում՝ «մի քիչ հետ գնացեք», հետո մի կերպ փակում դուռն ու ապակուն լղոզված գնում ՝ գոհ , որ կարողացավ տեղավորվել , սա ի՞նչ է:

Հ.Գ Հարգելի պարոնայք Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ձեր սրտի մայրաքաղաք որ ասում եք, մարդիկ մտնու՞մ են դրա մեջ, թե բնա՞վ դա նկատի չունեիք: