2013-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հաղթանակի շանսերը բավական մեծ են, եթե նա կարողանա այլընտրանքային ծրագիր ներկայացնել, որում երկրի առաջ ծառացած լուջ խնդիրների լուծումը տեսանելի կլինի: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Ընտրությունների ելքը կախված է հասարակությունից: Եթե Ծառուկյանին հաջողվի համաձայնության գալ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ ու ներկայացնել իրատեսական ծրագիր, կարծում եմ, որ մարդիկ նրան կհավատան»,- ասաց քաղաքագետը:
Իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այժմ փնտրտուքների մեջ է: «Յուրաքանչյուր կուսակցություն նախընտրական գործընթացում ցանկանում է ավելի հստակ դարձնել սեփական դերը։ ԲՀԿ-ն զբաղված է քաղաքական դաշտում իր դերը փնտրելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակ Զաքարյանը: Նա համոզմունք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստանը» սեփական թեկնածու չի ունենա: Պատգամավորը չբացառեց, որ ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահի թեկնածությունը։





