Նոյեմբերի 22-ին Լոնդոնի հայտնի Բրիտանական գրադարանում և վերջինիս համագործակցությամբ ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր այդ գրադարանում պահվող հայկական ձեռագիր ու տպագիր գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ տպագրության 500-ամյակին, հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին և Երևանի` որպես գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը: Հայկական ձեռագիր և տպագիր գրքերի հիանալի նմուշները ներկայացված են Բրիտանական գրադարանի «Գանձատուն» կոչվող սրահում:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Լոնդոն էր ժամանել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Արարողությանը ներկա էին նաև ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, ԱԳՆ և Լոնդոնի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի ու հայ ուսանողության ներկայացուցիչներ: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բրիտանական թանգարանի գիտական և հավաքածուների հարցերով տնօրեն Քերոլայն Բրազիերը: Այնուհետև ելույթ ունեցավ ՄԹ Համայնքների պալատի անդամ, ՄԹ խորհրդարանի մշակույթի, գիտության, կրթության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ, Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը:
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդես եկավ երախտագիտության խոսքով և միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց հայ գրքի և հայկական տպագրության պատմությունը: Հատուկ շնորհակալություն հայտնվեց «Ուիգմոր մեդիքըլ» ընկերության ղեկավար Բեդո Եղիայանին, որի հովանավորությամբ էլ հնարավոր էր եղել իրականացնել այս միջոցառումը:
Ցուցահանդեսը տևելու է մինչև 2013թ. հունվարի 31-ը:





