Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու`«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը բարձր է գնահատում նույն ընտրատարածքում առաջադրված Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի՝ նոյեմբերի 23-ին հրապարակած ինքնաբացարկ հայտնելու քայլը:
«Մայիսի վեցի ընտրությունները ցույց տվեցին, որ մի քանի ընդդիմադիրներ, նույն ընտրատարածքում առաջադրվելով, խանգարում են միմյանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց «Հանրապետություն» կուսակցությանը՝ իր թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարության համար: «Ընտրությունները քաղաքական գործընթաց են: Թիվ 1-ում ընթացող գործընթացները քաղաքական չեն, իսկ այս կուսակցությունը քաղաքական երանգ հաղորդեց՝ հայտարարելով, որ աջակցում է ինձ»,- ասաց պատգամավորի թեկնածուն:





