Սևանա լճի ձկների պոպուլյացիան կրճատվում է, իսկ ձկնորսությունը չի արգելվում: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բաղդուղ Գաբրիելյանը: «Ձկների պոպուլյացիայի կրճատումը տեղի է ունենում նաև Սևանա լճի առափնյա բնակավայրերի բնակիչների կողմից գետերի հունը փորելու արդյունքում: Նրանք պարզաբանում են, թե չփորելու դեպքում գետի հունը բարձրանալիս բնակավայրերում ջրհեղեղ էլինում, բայց դա չի արդարացնում նման ինքնագլուխ աշխատանքները: Բացի այդ, լճի էնդեմիկների պոպուլյացիան վտանգվում է օտարածին ձկների բազմացման պատճառով, ինչպիսին է օրինակ ծիածանափայլ իշխանը»,- ,նշեց նա` հավելելով, որ պետք է ապահովել ձկների բնական բազմացման բոլոր պայմանները:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն իր հերթին ահազանգեց լճի ջրի որակի վատացման մասին: «Սևանա լճի հարևանությամբ գործող հանքերը աղտոտում են լճի ջուրը: «Ճիշտ է, լճի մակարդակի բարձրացումը լավացնում է որակը, բայց դա չի կարող լուծում լինել: Պետք է ապահովել լճի էկոհամակարգի ամբողջականությունն ու առափնյա տարածքների մաքրումը: Այս բոլոր նպատակների համար 2012թ. ՀՀ կառավարությունը 371 365 600 դրամ է հատկացրել, բայց արդյունքը գոհացնող չէ»,- ասաց նա:
Տարածքային հետազոտությունների զարգացման կենտրոնի նախագահ Սաթենիկ Բադեյանը նշեց, որ ձկների պոպուլյացիայի կրճատումը Սևանի հարևան բնակավայրերից մարդկանց արտագաղթի պատճառ է դառնում: «Մարդիկ զրկվում են իրենց եկամտի հիմնական աղբյուրից և ստիպված են լինում մեկնել գումար վաստակելու: Սա լուրջ խնդիր է: Սևանա լճի էկոհամակարգի ապահովման և խնդիրների հանդեպ համալիր լուծում չկա, իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորում, իսկ այդ ոլորտին հատկացված ռեսուրսները ճիշտ չեն կառավարվում»,- նշեց նա` հավելելով, որ այդ խնդիրներն ուղղակիորեն նպաստում են Սևանա լճի հարակից գյուղերի դատարկմանը:





