AM
26 Նոյեմբեր 2012 - 10:10 AMT

2013-ին «Ընտանեկան բռնության մասին» նոր օրենք կընդունվի

Կանանց իրավունքների կենտրոնը «Ընտանեկան բռնության մասին» նոր օրենքի նախագիծ է մշակել, որն արդեն անցել է փորձագետների, միջազգային փորձի ուսումնասիրության, Հայաստանի պայմաններին ադապտացվելու, մեխանիզմների մշակման, միջազգային փորձագետների գնահատականի փուլերով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը:

«Քանի որ հասարակական կազմակերպությունները չեն կարող օրենքի նախագծեր ներկայացնել, մենք մեր մշակածը փոխանցեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որի Կանանց և երեխաների վարչությունն էլ հիմա զբաղվում է այս նախագծով: Բոլոր նախարարությունները դիտարկումներ են արել և մինչև դեկտեմբերի 10-ը վերջնական տեսքով օրենքի նախագիծը կլինի վարչապետի սեղանին», – ասաց Սուսաննա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով լսումները, հնարավոր փոփոխությունների հավանականություն գարնանային նստաշրջանում չկա, բայց առաջիկայում օրենքը կընդունվի: Այն առաջինից մինչև վերջին էջը նորություն է: Առաջին անգամ օրենսդրորեն սահմանում է, թե ինչ է ընտանիքը, ընտանեկան բռնությունը, ովքեր են ընտանիքի անդամներ համարվում, ով է ընտանեկան բռնության զոհը: Այս օրենքը գենդերային տարբերություն չի դնում` բռնության ենթարկված կանանց իրավունքներից բացի նաև տղամարդկանց իրավունքներն է կարգավորում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ը ՄԱԿ-ը հայտարարել է կանանց դեմ բռնության պայքարի միջազգային օր: Այսօրվանից մեկնարկում է կանանց իրավունքների պաշտպանության 16-օրյակ, որի միջոցառումներից Կանանց իրավունքների կենտրոնի նախագահն առանձնացրեց սպիտակ ժապավեններովը: Այս միջոցառման ժամանակ տղամարդիկ են պայքարելու կանանց իրավունքների պաշտպանության համար: