«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն իր մրցակիցների մոտ ընտրական օրենսգրքի խախտումներ է նկատել և պատրաստվում է դիմել ԿԸՀ: «Հայտարարագիրը, որ ներկայացրել է ՀՀԿ թեկնածուն, չի համապատասխանում իրականությանը: Տեսնելով պաստառապատված Ավանն ու Նոր Նորքը, 40-ից ավելի շտաբերը, նախընտրական ծախսերը, ես դիմելու եմ ԿԸՀ: Եվ ուղղակի ծիծաղելի է, որ իմ մրցակիցը խոսում է հավասար մրցակցության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Միայն պաստառների ծախսերն արդեն գերազանցում են այն թիվը, որը գրված է Ռոբերտ Սարգսյանի հայտարարագրում, ոչինչ ցույց տված չէ: Իսկ ԿԸՀ-ն խախտում չի հայտնաբերել»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ խախտումներն ակնհայտ են, իսկ ԿԸՀ-ն պետք է պարզապես ցանկություն ունենա, որպեսզի նկատի դրանք:
Նա նաև հայտնեց, որ մյուս թեկնածուն՝ ԷդուարդՊետրոսյանը, նախընտրական հիմնադրամ ընդհանրապես չի բացել:
«Դատեք ինքներդ, թե ինչու է նա առաջադրել իր թեկնածությունը: Այն դեպքում, երբ մարդիկ ասում են, որ նա անգամ առաջադրվելու համար գումար չուներ: Նրա ներկայացրած հայտարարագրում միայն զրոներ են»,-եզրափակեց պատգամավորի թեկնածուն: Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ իր բողոքարկման դիմումը ամենաուշը վաղն առավոտյան կուղարկվի ԿԸՀ:





