AM
26 Նոյեմբեր 2012 - 10:30 AMT

Ստյոպա Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու վախեցրել է ադրբեջանցիներին

Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում փախստականների մասին խոսելիս հստակ ձևակերպում է արել՝ ադրբեջանցիների խնդիրներ և հայերի իրավունքներ, որպես հայրենիքի իրավունք ունեցող մարդիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստյոպա Սաֆարյանը և նկատեց, որ այն մարդիկ, ովքեր արձագանքում են Հոհաննիսյանի Բաքվում արած հայտարարությանը, թվում է, առհասարկ տեղյակ չեն փախստականների խնդրին: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է միջազգային իրավունքների մասին և ասել է, որ փախստականներն իրավունք ունեն վերադառնալ այն տարածքները, որտեղ ապրել են մինչ պատերազմը: «Այդ քննադատներն իրենք պետք է ասեն՝ այդ փախստականների խնդիրը գոյություն ունի, թե՞ ոչ: Բայց եթե ասում են, որ հայերն իրավունք ունեն վերադառնալու Շահումյան, Գետաշեն կամ որևէ այլ տեղ, ապա պիտի ընդունեն, որ ադրբեջանցիներն էլ ունեն այդ նույն իրավունքը: Այլ հարց է դա տեղի կունենա, թե ոչ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը և ավելացրեց,- «եթե ԼՂՀ-ն միջազգային ճանաչում ստանա, դուք և ես որևէ բան չենք կարող անել այդ մարդկանց իրավունքից զրկելու համար: Նա նաև նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու վախեցրել է ադրբեջանցիներին, ինչը հատկապես երևում էր բլոգերում: