AM
26 Նոյեմբեր 2012 - 11:24 AMT

ՀԿ-ի ներկայացուցիչ. Ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող մեխանիզմները թաքնված են ընտրական օրենսգրքում

Այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության պահանջները` ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկում, որի ընթացքում մի քանի հասարակական կազմակերպություններ ներկայացրեցին ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրենց առաջարկությունները: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը նշեց, որ hասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայաստանյան ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հիմնական մեխանիզմները թաքնված են հենց ՀՀ ընտրական օրենսգրքում: «Դրանք են, մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրացուցակների ուռճացումը, քվեարկության գործընթացների խաթարումը, նախընտրական հիմնադրամների ծախսերի ոչ թափանցիկությունը, բողոքարկման մեխանիզմների անկատարությունը և այլն»,- ասաց նա:

Քննարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ Աժ հանձնաժողովներից, խմբակցություններից, նախարարություններից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից և հասարակական կազմակերպություններից: Ներկա էին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Անուշ Սեդրակյանը և այլք: