AM
26 Նոյեմբեր 2012 - 12:51 AMT

Դավիթ Հարությունյան. Տեսակետը, թե կա լայնածավալ անվստահություն ընտրական գործընթացների վերաբերյալ, չափազանցված է

Այն տեսակետը, թե կա լայնածավալ անվստահություն ընտրական գործընթացների վերաբերյալ, չափազանցված է: Այսօր «Քաղաքացիական հասարակության պահանջները` ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա իր այս կարծիքը հիմնավորում է նրանով, որ նախորդ համապետական ընտրությունների արդյունքների հրապարակման հաջորդ օրը երկիրը շարունակեց ապրել իր բնականոն կյանքով: «Անընդունելի է ընտրություններից առաջ որպես բացարձակ ճշմարտություն խոսել ընտրախախտումների մասին: Այդ դեպքում խոսքը զուտ քաղաքական գործընթացի, այլ ոչ թե օրենսգրքի բովանդակային փոփոխությունների մասին է»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀԿ-ների առաջարկներին:

Ըստ Հարությունյանի՝ կան առաջարկություններ, որոնք արժանի են դիտարկման, բայց կան առաջարկություններ, որոնք ի սկզբանե կարելի է մերժել, որովհետև լավ մտածված և ուսումնասիրված չեն, եղած խնդիրները լուծելու փոխարեն ստեղծում են նորերը: Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ժամանակը չէ: «Համապետական ընտրություններից հետո մենք ձեռնամուխ ենք լինելու ընտրական օրենսգրքի հետագա բարելավմանը: Եվ, բնականաբար, այն առաջարկությունները, որոնք այսօր քննարկվում են, ևս կլինեն ուսումնասիրման առարկա»,- նկատեց ՀՀԿ պատգամավորը:

Ավելացնենք, որ ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկ ներկայացրած ՀԿ-ները համոզված են, որ հայաստանյան ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հիմնական մեխանիզմները թաքնված են հենց ընտրական օրենսգրքում: