AM
26 Նոյեմբեր 2012 - 13:16 AMT

Տիգրան Ուրիխանյան. Լավ օրենքների, բայց վատ իրականացնողների դեպքում մենք կունենանք վատ ընտրություններ

Եթե օրենքները լինեն լավը, իսկ իրականացնողները՝ վատը, ապա մենք կունենանք վատ ընտրություններ: Այս մասին «Քաղաքացիական հասարակության պահանջները`ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Որքան էլ որ խիստ օրենսդրություն լինի և սևով սպիտակի վրա ամրագրված լինեն ընտրական օրենսգրքի դրույթները, բայց բացակայի պարկեշտությունն ու քաղաքական կամքը, միևնույն է՝ մենք որևէ արդյունք չենք ունենա»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀԿ-ների առաջարկներին: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ բազմաթիվ առաջարկների մեջ կա ռացիոնալ հատիկ, բայց կան նաև կետեր, որոնք մի շարք բացատրությունների կարիք ունեն: «Ես, օրինակ, ներկայացնում եմ մի քաղաքական ուժ, որը հանդես է եկել առհասարակ ընտրակարգի փոփոխության վերաբերյալ առաջարկով: Եվ դրանից բխող մի շարք փոփոխություններ են ենթադրվում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: