Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի նախագահը մասնավորապես ասել է, որ հայերն ու լիբանանցիները միշտ առանձնացել են իրենց խաղաղասիրությամբ: «Այսօր էլ պարոն Սուլեյմանի հետ համակարծիք էինք, որ ժողովուրդների կամքն արտահայտող փոփոխությունները պետք է իրագործվեն խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, առանց զոհերի, առանց ահաբեկչության։ Մենք խոր ցավով ընդունեցինք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության լուրը և շտապեցինք խստիվ դատապարտել նման ստոր արարքը, որը, հուսով ենք, չի սասանի Լիբանանի խաղաղությունը: Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը մեծապես շաղկապված է Հայաստանի անվտանգության հետ: Մենք խորապես շահագրգռված ենք առկա խնդիրների շուտափույթ հաղթահարմամբ և պատրաստակամ մեր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ գործին: Որպես վերջաբան մաղթում եմ, որ մեր եղբայրական ժողովուրդների պատմական ընթացքը լինի անընդհատ և վերընթաց: Թող մեզ միշտ ուղեկից լինեն խաղաղությունը, արդարությունն ու լավատեսությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:





