AM
26 Նոյեմբեր 2012 - 14:28 AMT

Լիլիթ Գալստյան. Երկրի զարգացման դիսկուրսը երկու-երեք հայտնի անձերից այն կողմ չի գնում

Քաղաքական դաշտի զարգացումները կամ գործողությունները, միանշանակ, պայմանավորված են նախագահական նախընտրական տրամաբանությամբ։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ներքին քաղաքական զարգացումներն այսպես գնահատեց «Դաշնակցություն» խմբակցությունից նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Այդ գործողություններն արդյունավետ կլինեն, ժողովրդավարական կամ ամենակարևորը՝ շահեկան ազգային ուղեգծի ու պետական շահի տեսանկյունից, ցույց կտան արդյունքները։ Սակայն մի բան, գոնե ինձ համար հստակ է. Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթը, ընտրական ավանդույթները թույլ չեն տալիս լավատես լինել կամ մտածել, թե ընտրությունները բառիս դասական քաղաքագիտական իմաստով իշխանություն ձևավորելու կամ փոխելու գործիք են»,- նկատեց նա:

Լիլիթ Գալստյանը կարծում է, որ ընտրական գործընթացը որպես գաղափարական հարթակ կամ իշխանության ձևավորման գործիք վաղուց սպանել ենք մեզանում։ «Արժեզրկված քաղաքական ինստիտուտների հետ գործ ունենք, որոնք միայն անվանապես կամ Սահմանադրական ամրագրումով են ժողովրդավարական։ Մյուս կողմից էլ ներշնչող չի ընդդիմադիր դաշտի շարունակ փսորվող կացությունը։ Հենց այս իրողոթյունից էլ սնվում է ժողովրդի հուսահատությունն ու հոռետեսությունը, դատապարտվածության զգացողությունը»,- ասաց նախկին պատգամավորը։ Ըստ նրա՝ արդյունքում երկրի զարգացման դիսկուրսը երկու- երեք հայտնի անձերից (ոչ գաղափարներից ու տեսլականից) այն կողմ չի գնում։