AM
27 Նոյեմբեր 2012 - 07:04 AMT

ԲՀԿ պատգամավորը Խոսրով Հարությունյանին խորհուրդ է տալիս իրենց անբովանդակ խորհուրդներ չտալ

ԲՀԿ-ական պատգաամավոր Վահե Էնֆիաջյանն արձագանքել է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի հայտարարությանը, թե «Բարգավաճ Հայաստանին» առավել ձեռնտու է 2013թ. նախագահական ընտրություններին չմասնակցելը և կուսակցության կայացման վրա կենտրոնանալը:

«Խոսրով Հարությունյանի նման փոքր տրամաչափի գործիչները, որոնք անցել են անփառունակ քաղաքական ուղի և ունեն ժողովրդական ցածր վարկանիշ, իրավունք չունեն խուրհուրդներ տալ ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ոչ, առավել ևս, նրա նախագահին: Քաղաքական մեծամիտներին ժամանակն է հասկանալ, որ ժողովուրդն է ընտրում մեր երկրի զարգացման ուղին և ժողովուրդն է գնահատականներ տալիս տարիներ շարունակ քաղաքականության մեջ գործող, բայց այդպես էլ չկայացած գործիչներին: Խորհուրդ եմ տալիս` անբովանդակ խորհուրդներ չտալ»,- ասված է Վահե Էնֆիաջյանի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խոսրով Հարությունյանը ասել էր. «Իմ պատկերացմամբ, ընդգծում եմ՝ անձամբ իմ, կուսակցությունը պետք է քաղաքական կայացման լուրջ փուլ անցնի: Հարկավոր է աշխատանք տանել ներկուսակցական կառույցների հետ, քաղաքական փորձառություն ձեռք բերել: Կուսակցության բռնած քաղաքական այլընտրանքի ուղղությունը նոր է և փորձ է պահանջում»:

Անդրադառնալով ԲՀ-ի հետ Հայ ազգային կոնգրեսի հետ հնարավոր համագործակցությանը, Հարությունյանը նկատել էր, որ այդ մասին խոսելն իմաստ չունի, եթե ՀԱԿ-ի նպատակը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ընտրություններին: «Կասկածում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» իր բոլոր ռեսուրսները ներդնի, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանն իր հերթական հաջողությունը կամ անհաջողությունը գրանցի»,– ասել էր Խոսրով Հարությունյանը: