AM
27 Նոյեմբեր 2012 - 10:43 AMT

Արման Դանիելյան. Եթե բողոքարկման համակարգը աշխատի, կալանավորներն իրենց բերանները չեն կարի

Արդարադատության նախարարը գրեթե չի վերահսկում քրեակատարողական ոլորտը: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի նախագաh Արման Դանիելյանը: «Հայաստանում քրեական համակարգն այսօր ամենալճացածներից է, մինչդեռ 10 տարի առաջ այդ համակարգը կանոնավոր զարգանում էր:

Դատապարտյալների իրավունքները ոտնահարված են. նրանց պայմանները, սնունդը, կոռուպցիան անհնար են դարձնում նրանց գոյությունը: Սակայն այսօր դատապարտյալներին ամենաշատ հուզող հարցը վաղաժամկետ ազատ արձակելու համակարգի աշխատանքն է: Դատապարտյալը կարող է ազատ արձակվել, երբ համարվում է, որ նա ուղղվել է, բայց այդ ուղղվածությունը որոշող որևէ չափանիշ սահմանված չէ: Վաղաժամկետ ազատ արձակվելու համար դիմողների 70%-ին մերժում են, բայց ո'չ մերժման, ո'չ ազատ արձակելու դեպքում տրամաբանություն չկա»,- նշեց նա` հավելելով, որ նման պարագայում դատապարտյալները չեն ձգտում ավելի լավ դրսևորել իրենց վաղաժամ ազատ արձակվելու համար:

Իրավաբանական հոգեբան Անահիտ Արզումանյանն իր հերթին ասաց, որ դատապարտյալի ուղղվածությունը որոշելու գործում մեծ է հոգեբանի դերը: «Յուրաքանչյուր ՔԿՀ-ին բաժին է հասնում 1 հոգեբան և 1 սոցիալական աշխատող: Բայց դա բավարար չէ: Ես առաջարկում եմ հոգեբանական ծառայություն ձևավորել, ստեղծել հոգեբանների խումբ, որը կաշխատի կալանավորի հետ ձերբակալման պահից մինչև ազատ արձակվելը, ինչպես միջազգային փորձում է ընդունված: Բայց այս առաջարկը դեռ երկար չի դիտարկվի, քանի որ մեծ միջոցներ է պահանջում: Այդուհանդերձ, հենց հոգեբանի տարած աշխատանքն է, որ օգնում է կալանավորին ազատության մեջ վերասոցիալականացվել: Սխալ վերասոցիալականացումը բերում է կրկնահանցագործության»,- ասաց նա:

Արման Դանիելյանը նշեց նաև, որ վերջերս բանտարկյալների բերան կարելու դեպքերը առաջինը չեն և դրանց պատճառը բողոքարկման համակարգի բացակայությունն է: «Եթե բողոքարկման համակարգը աշխատի, նման միջոցների կալանավորները երբեք չեն դիմի»,- նշեց նա: