Արցախի հարցում նոր տեղաշարժ կարող է լինել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Նա կարծում է, որ միջազգային հանրությունը կփորձի իր ներկայությունը հաստատել Հարավային Կովկասում և ամենահարմար տեղը Արցախն է: Նման սցենարը Արամ Կարապետյանը կապում է Մերձավոր Արևելքի քաոսի ու դրա լուծումների հետ: «Եթե այդ քաոսը եկավ Անդրկովկաս, գերտերությունները պետք է տեսնեն, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ: Եվ կարող է ձեռնամուխ լինեն պատերազմական գործողության: Իսկ ամենահնարավոր տեղը Արցախն է»,- ասաց Արամ Կարապետյանը: Նա նկատեց, որ այդ ստեղծված թնջուկը հանդարտեցնելու համար գերտերությունները զորք կմտցնեն տարածք և կպարտադրեն խաղաղություն: Իսկ այդ ուժերը կլինեն ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ն:
Արամ Կարապետյանին հնարավոր նման սցենարի դեպքում առավել հետաքրքիր է Հայաստանի իշխանությունների պահվածքը: «Ուժերը կհաստատվեն, որ պատերազմ չլինի: Հետո միայն կխոսեն, թե ինչ ձևով լուծել խնդիրը: Կարևոր է այն, թե ինչ սկզբունքների հիման վրա կլինի լուծումը»,- ասաց ՆԺԿ նախագահը:
Իսկ ահա ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ Արցախի հարցում ակտիվ շրջանը փոքր-ինչ ուշ կլինի: Ըստ նրա՝ խաղաղարարների տեղակայման սցենարը այնքան էլ իրատեսական չէ: «Արցախ խաղաղարարների մտնելու և խաղաղություն պարտադրելու մասին արդեն մի քանի տարի խոսում է ռուսական կողմը: Իրենք ունեն մտահոգություն, որովհետև Հարավային Կովկասը մոտ է Ռուսաստանին»,- ասաց Արման Մելիքյանը և նկատեց, որ խաղաղարարների տեղակայման մոտեցումը բավական յուրօրինակ նրբերանգներ ունի: Ադրբեջանը Ռուսաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունի: Ռուսաստանի համար կարևոր է վերականգնել իր ռազմական ներկայաությունը Ադրբեջանում: Նա նաև չի բացառում, որ այդ հնարավոր սցենարում Արևմուտքը ներքաշի Ռուսաստանին, այն դառնա այդ գաղափարի հեղինակը, որից հետո նախաձեռնությունը համատեղ ջանքերով վիժեցնեն:





