Հայաստանը միշտ երախտագիտությամբ է հիշելու լիբանանցի ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը, երբ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված ոճրագործության հետևանքով ցեղասպանվեց և հայրենազրկվեց իր հողի վրա ապրող ու արարող հայ ժողովրդի ստվար հատվածը: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հանդիպման ժամանակ: «Հյուրընկալ, բարյացակամ և հանդուրժողական Լիբանանը դարձավ այն հանգրվաններից, որտեղ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, ամրացան, ոտքի կանգնեցին՝ ակտիվորեն մասնակցելով և ինտեգրվելով Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին, միաժամանակ կարողանալով պահպանել ազգային հարուստ մշակույթն ու արժեքները»,- ասել է Հայաստանի նախագահը:
Նա նաև նշել է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները սոսկ գործընկերային չեն, այլ՝ բարեկամական, քանի որ Հայաստանը և Լիբանանը կապված են դարավոր բարեկամության և պատմամշակութային ամուր կապերով:
«Հայաստանն ու Լիբանանը դեռևս վաղ ժամանակներից են սկսել իրենց համատեղ ընթացքը պատմության քառուղիներում:
Հաճախ են զուգակցվել մեր ժողովուրդների ճանապարհները, պատմությունը, ճակատագիրը, մշակույթը: Պատմությունը փաստել է, ճակատագիրը` կամեցել, իսկ մշակույթը` համադրել այդ ամենը: Արդյունքը` հայ-լիբանանյան ամուր բարեկամությունն է: Օգտվելով առիթից՝ կցանկանայի Լիբանանի խորհրդարանի նախագահ հարգարժան Նաբիհ Բերրիին և խորհրդարանի անդամներին շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, Լիբանանը լուրջ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ և ընդունել է այն դատապարտող բանաձևեր` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:





