«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Բաքվում Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքների և այնտեղ իր ելույթի մասին.
«Այն ինչ-որ հայտնվեց ինտերնետում, մի փոքր հատված էր միայն: Իմ ելույթը նախատեսված էր հաջորդ օրը, և այդ փոքր պատառի հրապարակման պատճառով իմ ելույթին հատուկ քիչ ժամանակ տրվեց, որին հաջորդեցին տարբեր թուրքերի և ադրբեջանցիների ելույթներ, որ Հայաստանի պատվիրակին հակահարված տան: Օրակարգում կար բանաձևի նախագիծ, որում Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի վերաբերյալ ոչինչ չկար, իսկ բանաձևի ընդունումը պետք է լիներ կոնսենսուսով, այնինչ հաջորդ առավոտյան, երբ ամփոփիչ նիստում պետք է ընթերցվեր բանաձևը և ընդունվեր, օրակարգում միայն ընթերցում էր նախատեսված, փոփոխություն էր տեղի ունեցել: Ես հասկացաա, որ մի բան այն չէ»:
Հովհաննիսյանի խոսքով, իրեն հավաստիացրել են, որ բանաձևում որևէ փոփոխություն չկա, բայց տեսնելով, որ վերջնական բանաձևը չի տարածվել, նա մոտեցել է համանախագահներին և պահանջել է բանաձևի տեքստը:
«Ադրբեջանական ջղաձգությունների արդյունքում հասկացա, որ այլ բան է լինելու՝ անկախ այդ համաժողովին իմ ներկա լինելուց»:
Ըստ «Ժառանգության» առաջնորդի՝ շատերը առաջին անգամ էին լսում հայկական տեսակետ. «Մինչ այդ լսել էին միայն կրկնվող ադրբեջանական տեսակետների տարափը: Իմ ելույթից հետո շատերը մոտեցան և զորակցություն հայտնեցին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ որտեղ հնարավոր է, Հայաստանը պետք է ներկա լինի.« Մեր ներկայությամբ պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը:Մենք տուժում ենք մեր ծույլ քաղաքականության պատճառով»:





