Տեղումների առատանալուն զուգահեռ Փակ շուկայի կամարաշարի տանիքը սկսել էր կաթել, հետևի կողմի պատերին ճաքեր էին առաջացել, ամրացվելու կարիք ունեին,իսկ ձմեռը սկսելուն պես բետոնային աշխատանքներ իրականացնելն անհնար կդառնա:
«Փակ շուկայի» համար պայքարող ակտիվիստների մտահոգությունն օրեր առաջ կիսել էր նաև ՄՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը: Այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե այս օրերի ընթացքում, քանի դեռ տեղումներ չկային, ինչ քայլեր են ձեռնարկվել, նա պատասխանեց.
«Աշխատանքներ կատարվել են` տանիքի թիթեղն է փոխվել, պատերն են ամրացվել»:
Կարո Այվազյան խոսքով կատարված աշխատանքները բավական կլինեն և շուկային այլևս նախկին վտանգը չի սպառնում:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Մեր քաղաքը» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում «Շաբաթ օրով ապամոնտաժում են Ծածկած շուկայի տանիքը» վերնագրով տեսանյութ էր տարածել, որում երևում էր, որ Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի տանիքում ինչ-որ աշխատանքներ են տարվում:





