ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը, ինչպես նաև մի խումբ նեոնատոլոգներ այցելեցին Լոռու մարզի Ստեփանավանի ծննդատուն:
Նորածնային խնամքի նախագծի շրջանակներում այս հիվանդանոցին տրմադրվել են հետևյալ սարքավորումները. վերակենդանացման սեղանիկ՝ ջերմահաղորդիչով, պղպջակային СРАР, տաքացվող ներքնակ, պուլսօքսիմետր, ֆոտոթերապիայի լամպ, շարժական թթվածնային բալոն, պայուսակ՝ հրատապ իրավիճակների համար, արտածծիչ (սարքավորում արտածծման համար), օդափոխման համակարգ, ներարկման մխոց (պոմպ):
Այս սարքավորումները թույլ կտան պահպանել նորածնի մարմնի ջերմաստիճանը և կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունն այնքան ժամանակ, մինչև նա տեղափոխվի մարզկենտրոնի կամ Երևանի համապատասխան բուժհաստատություն: Կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները, որոնք ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան, հետագայում կարող են այլևս չենթարկվել միջամտությունների: Եվ հենց այս սարքավորումներն են, որ երաշխավորում են նրանց առողջ ապագան:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հինգ տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում, Երևանի և մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում:
Նշենք, որ ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում:





