AM
28 Նոյեմբեր 2012 - 12:26 AMT

Ստյոպա Սաֆարյանը ԿԸՀ-ին խնդրում է օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործելու որոշում կայացնել

2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Պատգամավորի թեկնածուն ԿԸՀ-ին խնդրում է որոշում կայացնել ընտրությունների օրը օքսիդացող թանաքի փոխարեն սովորական թանաք օգտագործելու, ինչպես նաև` անձը հաստատող փաստաթղթերում այնպիսի դրոշմակնիք օգտագործել, որն իր ձևով կտարբերվի նախկին ընտրություններում օգտագործած դրոշմակնիքից:

Նամակում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում»: Ինչպես հիշում եք` 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ օքսիդացոք թանաքները լրջագույն խնդիրներ հարուցեցին ողջ հանրապետությունով մեկ և էապես ազդեցին ընտրությունների հանդեպ հանրային վստահության վրա: Ստացված բազմաթիվ ահազանգերից հետո ԿԸՀ-ը որոշում ընդունեց օրվա կեսից սովորական թանաքներ օգտագործելու վերաբերյալ և այդ մասին տեղեկացրեց բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներին, վերջիններս էլ` տեղամասային հանձնաժողովներին:

Հաշվի առնելով, որ նման խնդիրների անխուսափելիորեն բախվելու ենք դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, դիմում եմ Ձեզ խնդրանքով և առաջարկով նախ վերստին կայացնել այդ օրը քվեարկության ժամանակ օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաքներ գործածելու վերաբերյալ որոշում, ինչպես որ դա արվեց մայիսի 6-ին, և թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի միջոցով այդ որոշման մասին տեղյակ պահել 35 տեղամասային հանձնաժողովներին: Ապահովել, որ ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնիքն իր ձևով տարբերվի նախկին ընտրություններում օգտագործված դրոշմակնիքից»: