AM
29 Նոյեմբեր 2012 - 08:42 AMT

Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանին նկատողություն է արվել դատախազին ոչ վայել պահվածքի համար

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով կարգապահական վարույթներ են իրականացվել մի քանի դատախազների նկատմամբ, այդ թվում նաև Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի: Այսօր մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ դատախազությունը չի հրապարակում Երևանի դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական տույժի մանրամասները:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատախազությունը հրապարակել է այն անձանց անունները, ում նկատմամբ կիրառվել է կարգապահական վարույթ: Նա նաև տեղեկացրեց, որ, մասնավորապես, Հարչյա Բադալյանին նկատողություն է արվել դատախազին ոչ վայել պահվածքի համար:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ըստ իրենց տեղեկությունների՝ դատախազության նստերից մեկի ժամանակ Բադալյանը, համաձայն չլինելով ՀՔԾ պետի հետ, տեղից միջամտել է, իսկ նիստից հետո բոլորի ներկայությամբ անվայել արտահայտություններ է արել նրա հասցեին:

«Այդքանից հետո զարմանալի է, որ սահմանափակվում են միայն նկատողություն տալով»,-գրել էր թերթը: