AM
29 Նոյեմբեր 2012 - 11:55 AMT

Արդարադատության նախարարության այրված շենքի փոխարեն կկառուցվի վարչական նոր համալիր

Արդարադատության նախարարության այրված շենքի փոխարեն, առաջիկայում կկառուցվի վարչական շենքերի նոր համալիր, որտեղ կտեղակայվեն երեք նախարարություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Նոր համալիրը կներառի Արդարադատության, Արտաքին գործերի, Էներգետիկայի նախարարությունները: Առաջին գծի վրա նախատեսվում է Արտաքին գործերի նախարարության շենքը, ետևի պլանում կլինի ևս երկու շենք, որտեղ նախատեսվում է տեղակայել Արդարադատության և Էներգետիկայի նախարարության շենքերը:

Առաջին գծի վրա տեղակայված շենքը կլինի վեց հարկանի, իսկ հետևի պլանում կառուցվելիք շենքը՝ ինը: «Այս շենքերի միջոցով զգալիորեն կբարելավվեն նախարարությունների շենքային պայմանները, դրանք կզբաղեցնեն ավելի մեծ տարածքներ»,-ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:

ԱԳՆ նոր շենքը նախորդից 2 անգամ մեծ կլինի: ԱԳՆ նախկին շենքը զբաղեցնում էր մոտ 7500 քմ տարածք, իսկ նորը կզբաղեցնի մինչև 14 հազ. քմ տարածք: