«Հրապարակ»-ը գրում է, թե Վովա Գասպարյանը ոստիկանապետ նշանակվելուց ի վեր զբաղված է կադրային փոխատեղումներով: Վերջին տասն օրվա ընթացքում դարձյալ կադրային փոփոխություններ են եղել, կադրերի ռեզերվ է ուղարկվել նաև Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը:
«Պարզվում է՝ վերջինիս պաշտոնանկությունը շատ ցավոտ է եղել Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի համար, քանի որ Մարտիրոսյանին նշանակել էր Նազարյանը ու պահապան հրեշտակի պես հսկում էր, որպեսզի նա էլ չհայտնվի պաշտոնանկությունների ցանկում: Սակայն մեկ տարվա ձգձգումից հետո օրերս տեղի ունեցավ անխուսափելին:
Մենք տեղեկացանք, որ այս կապակցությամբ շատ անտրամադիր է Նազարյանը, առավել ևս, որ Գասպարյանն այդ պաշտոնին նշանակել է իր «մարդուն»՝ Սերոբ Հարությունյանին:
Մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Նազարյանից, սակայն որևէ բառ վերջինս չի ասել: Մինչդեռ հայտնի է, որ Նազարյանի սիրելի զբաղմունքը լրատվամիջոցներով երևալն է: Ավելին, նա մտերիմների շրջապատում պարծենում է, թե սերտ կապեր ունի լրատվական դաշտի հետ և ցանկացած լրատվամիջոցով կարող է իր ուզած ինֆորմացիան սղղացնել կամ անցանկալի տեղեկատվության դեմն առնել: Թե ովքեր են իր «կլիենտները», գիտի ինքը, բայց փաստը մնում է փաստ, որ որոշ լրատվամիջոցների դեպքում զգուշանում է անգամ ի պաշտոնե կարծիք հայտնել որևէ հարցի շուրջ և պետք է թույլտվություն ստանա ոստիկանության լրատվության վարչությունից:
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է նրա կարծիքը լսել Կենտրոնի բաժնի պետի փոփոխության վերաբերյալ, իրեն «մեդիադաշտի» կառավարիչ հռչակած Նազարյանը, մեր լրատվամիջոցի անունը լսելով, ասել է. «Հարցերը՝ լրատվության վարչության միջոցով», և, առանց լսելու, անջատել է հեռախոսը»,- գրում է թերթը:





