ԲՀԿ-ընդդիմադիր կուսակցություններ կոնսուլտացիաներն ավարտվել են, մի քանի օրից Գագիկ Ծառուկյանը հանդես կգա նախագահական ընտրություններին առնչվող հայտարարությամբ: «Հրապարակ»-ը գրում է, որ մեծամասնականով ընտրված ԲՀԿ առաջնորդն այդպես էլ որևէ բառ չասաց հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի, ինչպես նաև խորհրդարանական կառավարմանն անցնելու անհրաժեշտության մասին: Ի՞նչ է մտածում նա, ի վերջո, այդ ամենի մասին, մանավանդ, որ վեցերորդ գումարման ԱԺ աշնանային նստաշրջանն արդեն իսկ ավարտվում է, իսկ նա որևէ անգամ ոտք չի դրել «պառլամենտ»:
«Գագիկ Ծառուկյանի մոտեցումներն ու դիրքորոշումները, հասկանալիորեն, արտահայտված են ԲՀԿ խմբակցության քարտուղարի տարածած հայտարարության մեջ, և միամտություն կլիներ կարծել, որ քաղաքական կարևորագույն այդ գործընթացն իրականացվում է առանց Գագիկ Ծառուկյանի համաձայնության և հանձնարարության: Միևնույն ժամանակ, Գագիկ Ծառուկյանն անչափ կարևորում է խորհրդարանական կառավարումը և խորհրդարանի դերակատարությունը, և վերջին մի քանի քառօրյաների աշխատանքներին նրա չմասնակցելը չի նշանակում խորհրդարանի դերակատարման թերագնահատում»,- թերթին ասել է նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:





