«Հրապարակ»-ը գրում է. «Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ նա դիմում է ներկայացրել և ազատվել է աշխատանքից։
Սա ուշագրավ է նրանով, որ օրերս մենք զրուցել էինք Էդիկ Հովսեփյանի հետ և փորձել պարզել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հիմքերը, սակայն վերջինս հերքել էր: «Այդպիսի բան չկա, իմ նկատմամբ ոչ մի վարույթ չի հարուցվել, ես ոչ մի նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-մեզ հետ զրույցում ասել էր դատախազի տեղակալը: Սակայն դատախազությունից հաստատել էին, որ Հովսեփյանը ծանուցված է եղել իր նկատմամբ հարուցված վարույթի մասին:
Երեկ, սակայն, նրանից չհաջողվեց պարզել, թե ինչու է ազատման դիմում գրել: Մեր զանգերն անպատասխան մնացին: Թերևս այսպիսով խուսափել է ավելի ծանր պատժից»:





