AM
30 Նոյեմբեր 2012 - 06:47 AMT

Ստյոպա Սաֆարյան. Ինձ հասկացրին, որ ընտրական հանձնաժողովը Ռոբերտ Սարգսյանի սեփականությունն է

ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանը ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում շարունակում է պայքարը: Երեկ թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովը մերժեց պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, որով նա պահանջում էր ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ թեկնածուի գրանցումը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը հանձնաժողովի ընդունած որոշումը զավեշտալի որակեց: Նա ասաց, որ մինչ Ռոբերտ Սարգսյանի առարկությունն ընթերցելը, հանձնաժողովի անդամները հայտնել են իրենց համաձայնությունը:

Հիշեցնեք, որ Ստյոպա Սաֆարյանը վիճարկում է Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը, քանի որ, ըստ «Ժառանգութուն» կուսակցության թեկնածուի, թույլատրելի 35 ընտրական շտաբերի փոխարեն Ռուբերտ Սարգսյանն ունի նվազագույնը 50 շտաբ, որոնք նկարվել ու հասցեներով տրամադրվել էին ԸԸՀ-ին: «Ընտրատեղամասում տեղակայված շտաբը, հարյուրավոր շենքերի վերելակներում, դրանց կողքերը, բազմաբնակարան ցածրահարկ շենքերի բոլոր մուտքերում փակցված թեկնածուի պաստառները արտացոլված չեն հայտարարագրում ցույց տրված 2.700.000 դրամի մեջ, ոչ միայն Ընտրական օրենսգրքի խախտում են, այլև էապես ազդում են ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ իր դիմումը մերժելու պատճառաբանություններից մեկն էլ եղել է այն պնդումը, թե Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է ոչ թե շտաբների թիվը, այլ դրանց վրա փակցված ցուցանակների թիվը, ինչը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, ակնհայտ սուտ է:

«Վերելակների ու բազմաբնակարան շենքերի մուտքերում հարյուրավոր քառակուսի մետր պաստառներ փակցնելու հետ կապված ավելի զվարճալի վիճակ ստեղծվեց: Պարզվեց, որ թեկնածուն ինչ-որ գովազդային գործակալության հետ պայմանագիր է կնքել, իսկ վերջինս համատիրությունների հետ շենքերի վերելակներում ու շքամուտքերում փակցրել է թեկնածուի նկարը:

Որպեսզի խուսափեն ասել, թե դա նախընտրական գովազդ է, հանձնաժողովն ասաց, որ պարզապես Ռոբերտ Սարգսյանը գովազդվող կենցաղային այլ առարկաների հետ միասին պատկերված է մեկ ընդհանուր նկարի մեջ»,- ասաց պատգամավորի թեկնածուն:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ մյուս զավեշտն այն է, որ հանձնաժողովը խոստովանել է, ապրանքների ու ծառայությունների մեծ մասի շուկայական արժեքը չունի, բայց վստահում է Ռոբերտ Սագսյանի հայտարարագրին:

Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ չունենալով մի շարք հարցերի պատասխաններ, հանձնաժողովը մերժեց իր դիմումը: «Ինձ հասկացրին, որ ԸԸՀ-ն Ռոբերտ Սարգսյանի սեփականությունն է»,- եզրափակեց նա: