AM
30 Նոյեմբեր 2012 - 08:26 AMT

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Աֆղանստանից

2012թ. նոյեմբերի 25-ից 28-ը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ընթացող խաղաղության աջակցության գործողություններին ներգրավված են հայ խաղաղապահները:

Արաբական Միացյալ Էմիրություններով Աֆղանստան մեկնելիս պատվիրակությունը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայկական սփյուռքի դերը հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին սատարելու գործում, պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Նոյեմբերի 26-ին Քաբուլում գտնվող Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի` ԱՅՍԱՖ-ի զինավանում կայացել է Ս. Օհանյանի հանդիպումը ԱՅՍԱՖ ռազմագործողության հրամանատարության հետ: Հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նիք Քարթերը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության ներդրումը Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՅՍԱՖ օպերացիայի ընթացքին և Աֆղանստանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ հետագա անելիքներին առնչվող հարցեր:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադին:

Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ և Կունդուզ նահանգներ` հայ խաղաղապահների և տեղի կոալիցիոն հրամանատարության հետ հանդիպելու համար:

Մազարի Շարիֆ քաղաքի ռազմակայանում Ս.Օհանյանը հանդիպել է ԱՅՍԱՖ օպերացիայի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, Գերմանիայի զինված ուժերի գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆերի հետ: Հանդիպման ընթացքում գերմանացի գեներալն իր գոհունակությունն է արտահայտել հայ խաղաղապահների ծառայության կապակցությամբ, նշելով, որ նրանց գործունեությունը մեծապես նպաստում է «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության առաքելության ու խնդիրների հաջող կատարմանը:

Այնուհետև Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մազարի Շարիֆի մերձակայքում գտնվող «Մայք Սփան» ռազմակայան, որտեղ տեղակայված է հայ խաղաղապահների 60 հոգանոց զորախումբը: Պատվիրակության հաջորդ կանգառը Կունդուզ նահանգի նույնանուն վարչակենտրոնում տեղակայված ռազմակայանն էր, որին հարակից օդանավակայանի պահպանության իր ծառայությունն է իրականացնում հայ խաղաղապահների 61 հոգանոց զորախումբը: Այստեղ տեղակայված է նաև աֆղանական ստորաբաժանումներին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող հայ հրահանգիչ սպաների հինգ հոգանոց խումբը: Ռազմակայանի գերմանական հրամանատարությունը գովեստի խոսքեր է արտահայտել հայ խաղաղապահների հասցեին` առաքելության խնդիրներին նրանց անվերապահ նվիրվածության և բարձր կատարողական վարպետության համար:

Սեյրան Օհանյանն այցելել է ռազմակայանում տեղակայված հայ խաղաղապահներին, ծանոթացել է նրանց կենսապայմաններին, իրականացնող խնդիրներին, կարևորել է հայ խաղաղապահների առանցքային դերը միջազգային խաղաղապահության ոլորտում Հայաստանի պատշաճ ներդրման ապահովման համար:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադարձել նոյեմբերի 29-ին:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: