AM
30 Նոյեմբեր 2012 - 09:33 AMT

ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ավելի քան երեք քառորդը բաժին է ընկնում Եվրոպայի արևելյան հատվածին

Վաղը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

2011 թ. տվյալների համաձայն՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի ավելի քան 121 000 նոր դեպք է գրանցվել, որից 28 000-ը` Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու պետություններում: Հիվանդացության մակարդակը տարածաշրջանում նախորդ տարվա համեմատ բարձրացել է:

Ըստ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նոր հաշվետվության, թեև ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աշխարհի տարբեր շրջաններում կրճատվել է, այնուամենայնիվ, վարակի տարածումը չի նվազել, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անգամ բարձրացել է :

Ավելին, ԵՄ մի շարք երկրներում շարունակվում են ՄԻԱՎ-ի բռնկումները ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց շրջանում:

Վերջին տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ավելի քան երեք քառորդը բաժին է ընկնում Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածին: Նոր դեպքերի կեսն ախտորոշվում է ուշ շրջանում, երբ բուժման արդյունավետությունն արդեն շատ ցածր է: Ուշացած ախտորոշումը և բուժման ծրագրերում հիվանդների ցածր ընդգրկվածությունը բերում են ՁԻԱՀ-ի և դրա հետ կապված մահվան դեպքերի աճի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում, նշված ցուցանիշները կայունացման կամ նվազման և ոչ մի միտում չեն դրսևորում:

Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ը դեռևս կենտրոնացած է հիմնական ռիսկի խմբերում, օրինակ` արվամոլների, ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթած բնակչության շրջանում:

Նշենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին: Առողջությանը նվիրված միջազգային օրերի թվում սա առավել լայն ճանաչում ստացած օրերից մեկն է, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ բնակչության տեղեկացվածությունը բարելավելու համար: