AM
30 Նոյեմբեր 2012 - 09:54 AMT

ՀՀ և Թուրքմենստանի նախագահները բարձր են գնահատել կայացած բանակցությունների արդյունքները

Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրաժեշտի արարողությունը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:

Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ նույնպիսի հյուրընկալության են արժանացել նաև մի քանի օր առաջ Հայաստան ժամանած թուրքմենական պատվիրակության մյուս անդամները՝ մշակույթի և արվեստի գործիչները:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն է հայտնել, որ այցից հետո, անկասկած, կլինեն լավ արդյունքներ և՛ առևտրատնտեսական, և՛ մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև կշարունակվի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: