AM
30 Նոյեմբեր 2012 - 10:21 AMT

Ալեքսանդր Մարկարով. Երևան-Ստեփանակերտ չվերթը նպաստելու է երկու պետությունների միջև կապի ուժեղացմանը

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ոչ մի կերպ չի ազդի Արցախի կարգավիճակի վրա, դա ընդամենը խորհրդանշական քայլ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ ՄԽ ռուսաստանցի համանախագահի բացասական հայտարարությանը: «Երևան-Ստեփանակերտ չվերթը հիմնականում ապահովելու է երկու պետությունների միջև կապի ուժեղացումը: Օդանավակայանի բացումն, իմ դիտարկմամբ, ոչ մի կերպ չի ազդելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա»,- նկատեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել էին Արցախ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահը հայտարարություն էր արել Ստեփանակերտի օդակայանի գործարկման վերաբերյալ: «Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում օդակայանի գործարկումը լարվածություն կառաջացնի կողմերի միջև: Մենք նաև համարում ենք, որ այս խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով` առկա փորձը հաշվի առնելով»,- ասել էր Իգոր Պապովը: