Ավանն ու Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը:
Ըստ նախնական արդյունքների՝ ընտրություններին մասնակցել են գրանցված 64 763 ընտրողներից 23 830-ը կամ 36,82 տոկոսը:
Ռոբերտ Սարգսյանը ստացել է 18 805 քվե, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` 3 680 քվե, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը` 461 քվե:
Ռոբերտ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է և ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալը:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի տեղն ազատ էր այն բանից հետո, երբ այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից:





