Պետական մարմինների գրեթե բոլոր կայքերում բացակայում են պետական բյուջեի ծախսման վերաբերյալ տեղեկությունները:
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի՝ պաշտոնական կայքերը ցույց են տալիս, թե ինչպես է աշխատում տվյալ գերատեսչությունը, իսկ թե ինչո՞ւ է բյուջեի ծախսերի նման կարևոր տեղեկությունը բացակայում, նա մի քանի տարբերակ ունի: «Կան գերատեսչություններ, որոնք, պարզապես, ցանկություն չունեն բյուջեի ծախսերի վերաբերյալ տեղեկությունը հրապարակել: Պատճառը կարող է լինել և ծուլությունը, և մասնագետների պակասը, և թափանցիկության բացակայությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշոտ Մելիքյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանն իր հերթին հիշեցրերց, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքով նշված են այն տեղեկությունները, որոնք առնվազն տարին մեկ անգամ պարտադիր պետք է հրապարակել: Այսինքն, օրենքի պահանջն է, որ այդ և որոշ այլ տեղեկություններ պարտադիր հասանելի լինեն հանրությանը:
Աշոտ Մելիքյանը նաև ներկայացրեց կայքերում առկա հիմնական թերությունները: «Շատերի մոտ բացակայում է թափուր պաշտոնների ցանկի, դրանք զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգի, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ պետական կառույցի գործունեության վերաբերյալ և նմանատիպ այլ տեղեկություններ»,- ասաց նա: Նա նկատեց, որ, այսպիսով, ոչ բոլոր պետական մարմիններն են լիարժեք տեղեկություններ ներկայացնում հանրությանը:





