Թիվ 1 ընտրատարածքում խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը բողոքարկելու է ընտրությունների արդյունքները: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ կհասնի մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Նախ դիմելու եմ Սահմանադրական դատարան: Ես պայքարը շարունակելու եմ:
Թող որևէ մեկը չմտածի, որ ես՝ ոչ թե որպես պատգամավորի թեկնածու, այլ որպես սովորական քաղաքացի, կհանդուրժեմ նման ընտրական գործընթացն իմ թաղում: Ես թույլ չեմ տա, որ Տարոն Մարգարյանը առնվազն Նոր-Նորքը վերածի այն բանին, ինչին վերածել է Ավանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Թե ինչ բողոքներ են լինելու հայցի հիմքում, ըստ Ստյոպա Սաֆարյանի, կքննարկեն իր իրավաբանները: «Բողոքում հաստատ լինելու է պետության վարչական ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև ԸԸՀ-ի կողմից այդ հանցագործությանը աջակցելու մասին»,- ասաց նա:
Ավելացնենք, որ Ավանն ու Նոր-Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը: Նա ստացել է 18 805 քվե, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` 3 680 քվե, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը` 461 քվե:
Ռոբերտ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է և ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալը:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի տեղն ազատ էր այն բանից հետո, երբ այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից:
Ստյոպա Սաֆարյանը ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար մինչև ՄԻԵԴ կհասնի





