AM
3 Դեկտեմբեր 2012 - 12:47 AMT

Մոսկվայում մահացած հայ զինծառայողի հարազատները պնդում են, որ իրենց որդու մահվան մեղավորը ՊՆ-ն է

Մոսկվայում մահացած հայ զինծառայող Արթուր Քոչարյանի հարազատները հաղորդագրություն են տարածել, որտեղ պնդում են, թե իրենց որդու մահվան մեղավորը Պաշտպանության նախարարությունն է.«Պաշտպանության նախարարությունն ու նրան ամեն կերպ պաշտպանելու հաշվին սեփական գոյությունը քարշ տվող «հայրենասերները» համացանցով մեկ ցինիկաբար տարածում են այն տեսակետը, թե Արթուր Քոչարյանի մահվան հարցում ՊՆ-ն որևէ մեղք չունի:

Սա այն դեպքում, երբ ՊՆ-ի կողմից գումարի տրամադրման շուրջ մեկամսյա ձգձգման պատճառով Արթուրի վիճակը չափազանց սրվեց: Արթուրին բուժող բոլոր բժիշկներն ասում են, որ եթե նա տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ ապաքինել:

Մեր որդու մահը ՊՆ-ի խղճին է: Եթե, իհարկե, այն առհասարակ խիղճ ունի:

Քոչարյանների ընտանիք »:

Հիշեցնենք, որ Արթուր Քոչարյանը հիվանդացել էր սեպտեմբերի 27-ին՝ Նուբարաշենի զորամասում: Նրան տեղափոխել էին ինֆեկցիոն բաժանմունք` դեղնուկ ախտանիշով: Զինվորի հարազատները պնդում են, որ սկզբում նրան ուշադություն չեն դարձրել և հետո, երբ բարդություններ են առաջացել, նոր տեղափոխել են հիվանդանոց: Երևանում ասել էին, որ չեն կարող բուժել Արթուրի հիվանդությունը, և նրան տեղափոխեցին Մոսկվա: Պաշտպանության նախարարությունը խոստացել էր փոխանցել զինծառայողի բուժման համար անհրաժեշտ գումարը:

Մոսկվայում մահացած հայ զինծառայողի հարազատները պնդում են, որ իրենց որդու մահվան մեղավորը ՊՆ-ն է