AM
3 Դեկտեմբեր 2012 - 13:36 AMT

Ինչպե՞ս են հայերն առանց Ադրբեջան մեկնելու «հայտնվում» Ադրբեջանում

Ամենամեծ ցանկության դեպքում անգամ շարքային հայերից քչերը կկարողանան գնալ Ադրբեջան: Այնինչ, պարզվում է Ֆեյսբուքը մեզ ոչ միայն տալիս է այդ հնարավորությունը, այլև առանց մեր համաձայնության մեզ մեկ րոպեում հասցնում Ադրբեջան: Հավանաբար, Արցախ այցելած հայերից քչերը գիտեն, որ այտնեղ արված իրենց բոլոր նկարները, որ հայտնվում են այս սոցցանցում, մի քանի վայրկյան անց ֆեյսբուքը ներառում է «Azerbaijan» էջում: Սա մեր «սիրելի» երկրի պաշտոնական էջն է ֆեյսբուքում: Իսկ թե ինչպես է դա տեղի ունենում և ինչու՞ է Ֆեյսբուքը Արցախը համարում Ադրբեջանի մաս, PanARMENIAN.Net-ին պարզաբանեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Քանի որ Ֆեյսբուքն օգտագործում է Մայքրոսոֆթին պատկանող Բինգ (Bing.com) ծառայության քարտեզը, իսկ այդ քարտեզում Արցախը նշված է որպես Ադրբեջանի մաս, իսկ Ստեփանակերտը՝ որպես «Խանքենդի», ապա ավտոմատ կերպով նշվում է «Ադրբեջան»: Նույն խնդիրն է, երբ լուսանկարի նկարահանման վայրը «tag» էր արված Ստեփանակերտով, իսկ այսօր այդ լուսանկարները դարձել են «Խանքենդի»-ում նկարված»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Այ այսպիսի ճանապարհով լուսանկարի վայրը անգամ ոչ թե «Ղարաբաղ», այլ «Արցախ» նշված բոլոր նկարները տեղ են գտնում Ադրբեջան երկրի ֆեյսբուքյան էջում: Ավելին, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի և այլ մարդկանց գրառումներն ու հղումները ևս այս էջում կարելի է կարդալ: Միևնույն ժամանակ կարելի է հանդիպել նաև ֆեյսբուքյան ամենահակադրբեջանական օգտատերերի գրառումների:

Կարեն Վրթանեսյանը այս հարցի լուծումը չի տեսնում, խնդիրը միաջազգային հարթույունում է, և հարցը կլուծվի միայն Արցախի՝ միջազգայնորեն ճանաչումից հետո: