«168 ժամ»-ի թղթակիցը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հարցրել, թե ինչ կփոխվի, օրինակ, Մարտուն Գրիգորյանի կյանքում, եթե Գագիկ Ծառուկյանը դառնա նախագահ: «Ուրեմն` Մարտուն Գրիգորյանի համար չէ, որ պարոն Ծառուկյանը ցանկություն կունենա առաջադրվելու: ԲՀԿ-ն ինչ-որ մեկի լավի կամ վատի համար չէ, որ որոշում է կայացնելու գնալ նախագահական ընտրություններին»:
Ըստ Մարտուն Գրիգորյանի՝ ամենակարևորը ժողովրդի վիճակն է: «Եթե մենք գնալու ենք նախագահական ընտրություններին, նշանակում է, որ ցանկություն կա ժողովրդի վիճակը փոխելու, էսօրվա էս սոցիալական ծանր վիճակից հանելու: Մարտուն Գրիգորյանի կամ որևիցե մի պատգամավորի կամ քաղաքական գործչի խնդիրն էստեղ դրված չէ: Էստեղ մեր բոլորի խնդիրն էն է, որ կարողանանք ինչ-որ մի լավ բան անենք մեր ժողովրդի, մեր ընտրողների համար»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Լրագրողի դիտարկմանն էլ, այսինքն` նախագահ Սերժ Սարգսյանը չի՞ կարողանում անել դա, պատասխանել է. «Արվում է այնքան, ինչքան որ արվում է»:





