AM
4 Դեկտեմբեր 2012 - 07:51 AMT

1949 թ. բռնադատվածները դիմել են Սերժ Սարգսյանին

1949թ. բռնադատվածների «Հուշամատյան» հասարակական կազմակերպության նախագահ Ռուդոլֆ Գրիգորյանը կենդանի մնացած բռնադատվածների անունից բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին և վարչապետին:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ձեզ դիմում են ԽՍՀՄ շրջանի քաղաքական հետապնդումների շրջանում Հայաստանի Հանրապետությունում դեռևս կենդանի մնացած բռնադատվածների ներկայացուցիչները, որոնց թիվը մինչև ոչ վաղ անցյալը չէր անցնում 3000-ը, իսկ այսօր, հավանաբար, մնացել են մոտ 1000 մարդ: Մեծ թիվ չէ և ամեն օրը ավելի է նվազեցնում այդ թիվը: Այն անհամեմատ մեծ էր 16.08.1994թ., երբ ընդունվեց «ՀՀ օրենքը բռնադատվածների մասին»: 1994թ. Հայաստանի Հանրապետության համար սոցիալ-տնտեսական պայմանների իմաստով, հավանաբար, ամենածանր թվականն էր: Այդ ծանրագույն տարին ՀՀ դեռևս «Գերագույն խորհուրդ» կոչվող օրենսդիր մարմնի պատգամավորները բռնադատվածների մասին օրենք ընդունելով հնարավոր համարեցին իրենց քաղաքական և մարդասիրական վերաբերմունքն արտահայտել ոչ վաղ անցյալի քաղաքական ճնշումների վերաբերյալ` ընդգծելով Հայաստանի բնակչության և նոր հասարակարգի համար այդ երևույթի անհամատեղելիության մասին իրենց վերաբերմունքը, միաժամանակ դատապարտելով բռնությունները և փաստելով բռնությունների ենթարկվածների նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը: Մարդասիրության տեսակետից սա շատ բարոյական քայլ էր, իսկ քաղաքական տեսակետից` չափազանց կարևոր: Թվում էր, որ այս քայլով Հայաստանի Հանրապետությունն իր արժեհամակարգում ներդնում է քաղաքական բռնությունների անհնարինության սկզբունքը:

Մարդասիրության իմաստով «ՀՀ օրենքը բռնադատվածների մասին» քաղաքական բռնությունների ենթարկվածների համար սահմանում էր որոշ արտոնություններ, որոնք մեծ չէին, բայց համամասնելի էին 1994թ.` օրենքի ընդունման պահին Հայաստանի Հանրապետության հնարավորություններին: Հասարակությունը, բայց հատկապես բռնադատվածներն իրենք հենց այդպես էլ գնահատեցին այդ օրենքի և նրանում առկա սոցիալ-քաղաքական բովանդակություն պարունակող արտոնությունների միտվածությունը: Նրանք ըմբռնումով էին մոտենում երկրի ծանր կացությանը, բայց ուրախ էին, որ նախ` հիշվել և դատապարտվել է իրենց խնդիրը, երկրորդ` որ անկախ Հայաստան պետությունը փորձում է օգնել իրենց: Այդ տարիներին նրանք չէին քննարկում, թե նախկին ԽՍՀՄ որ հանրապետությունը ինչքան ավելի զգայուն վերաբերմունք է դրսևորել իր բռնադատված քաղաքացիների նկատմամբ:

Օրենքի ընդունումից հետո անցած տարիների ընթացքում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն անհամեմատ կայունացել է, իսկ բռնադատվածների թիվը, ցավոք, զգալիորեն նվազել: Դժվար է բացատրել, թե ինչու բռնադատվածներին որպես արտոնություն հատկացվող փոքր օգնությունը, ինչն ավելի բարոյական աջակցություն էր, քան` նյութական, փաստացի վերացավ:

2009 թվականից այն ժամանակվա Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Վարդան Բոստանջյանը և Գոհար Ենոքյանը /Գոհար Ենոքյանը` նաև որպես բռնադատված ընտանիքի ներկայացուցիչ/ պարբերաբար փորձել են ՀՀ տարեկան բյուջեն ձևավորելիս ուշադրություն հրավիրել այս չարչրկված հարցին` ընդամենը ամսական 12000 դրամի չափով գումար տրամադրել օրեցօր նվազող բռնադատվածներին` թե որպես քաղաքական բռնությունները դատապարտող պետության կամքի ցուցաբերում, թե զանազան տառապանքներ կրած մարդկանց անցյալի կորուստների մասնակի փոխհատուցում: Այսօրվա ՀՀ պետական բյուջեի համար չնչին գումար է սա, փոխարենը մեծ է բարոյա-քաղաքական ազդեցությունը: Սակայն խնդիրը չի լուծվում: Ֆինանսա-տնտեսական ճգնաժամերի մասին պատճառաբանությունները որևէ իրական քննադատության չեն դիմանում: Այսօրվա Հայաստանը 1994թ. վիճակում չէ, միաժամանակ Հայաստանի այսօրվա բնակչությունն անհամեմատ իրազեկ է նմանօրինակ այլ երկրներում բռնադատվածների խնդիրների լուծումներին: Մարդասիրությունից զատ մենք ռիսկ ենք անում կորցնելու մեր բնակչության ևս մի, արդեն քանիցս խաբված հատվածի վստահության վերջին փշուրները:

Մեծարգո նախագահ Ձեր միջամտության դեպքում Հայաստանի Հանրապետության 2013թ. բյուջեն ձևավորողները և հաստատողները պատշաճ կգնահատեն իրականությունը և գոնե այսուհետ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքով բռնադատված ճանաչվածներին շանս կտան իրենց կյանքի վերջին տարիներին համոզվելու, որ իրենց նկատմամբ իրականցված բռնություններն իրոք դատապարտվում են և իրենց կրած զրկանքները փոխհատուցվում են ՀՀ հնարավորությունների չափով: Խորապես համոզված ենք, որ սա բռնադատվածների վերջին շանսն է` անցյալում իշխանության նկատմամբ կուտակված անվստահությունը իրենց ծերության տարիներին թոթափելու, առավել ևս պետության կողմից իրենց գնահատված զգալու: Հավատացեք, որ նրանք օրհնանքով կհիշեն Ձեր Աստվածահաճո հոգատարությունը»: