Թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունները չեն կեղծվել, պարզապես մոտ 30 հազար ընրողներ չգնացին ընտրության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը և ավելացրեց, որ ընտրության չգնացողներն այն մարդիկ էին, ովքեր չեն ծախվել, չեն կաշառվել: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց այս ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման, մարդկանց երթուղայիններով ընտրության տանելու և ՀՀԿ-ի մյուս քայլերի մասին: «Հուսահատության ի՞նչ աստիճան է, որ մարդիկ ալարեցին դուրս գալ տներից և գնալ ընտրության»,- ասաց Անահիտ Բախշյանը և ավելացրեց. «Շատ չարացած էի ընտրությունից հետո: Մայիսի 6-ի ընտրությունների համեմատ, Ստյոպա Սաֆարյանը երեք անգամ պակաս ձայն է ստանում, իսկ մրցակիցը, որին ոչ ոք չի ճանաչում, այդքան ձայն է հավաքում: Կրթված ու զարգացած մարդու և քաղաքապետի աներձագի միջև այսպիսի ընտրություն կատարեցին, ինչու՞ մարդիկ չեկան ընտրության»:
Ասուլիսին ներկա էլ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով նկատեց, որ աներձագ լինելը քաղաքական կատեգորիա չէ և մեղք էլ չէ: «Եթե ընդդիմությունը լիներ նույն կերպ կվարվեր: Մշտապես զարմանում եմ մեր ընդդիմության զարմանքի վրա: Որևէ մեկի համար պետք է զարմանալի չլիներ տեղի ունեցածը»,- ասաց նա: Անահիտ Բախշյանն էլ իր հերթին նկատեց, որ իշխանությունը նման քայլերով ավելի է թուլանում: «Մի կոճակ ավել սեղմողը շատ ավելի կարևոր էր, քան այն, որ իրենք նախագահական ընտրություններից առաջ կարող էին իսկապես լավ ընտրություն անցկացնել: Իշխանությունը վախեցած է: Պետք է թույլ տային մարդիկ իրենց ընտրությունը կատարեին: Իսկ ընտրության չեկած 30 հազարը չեկավ, որովհետև հիասթափված է»,- ասաց Անահիտ Բախշյանը: Մարգարիտ Եսայանը համաձայն չէ Անահիտ Բախշյանի հետ: Ըստ նրա՝ ՀՀԿ-ական կառույցը այս ընտրատարածքում ուժեղ է: «Ընտրվվել է ամենաուժեղ քաղաքական թիմի թեկնածուն: Եթե այսօր նույն թիվ 1-ի ընտրողները հավաքվեն և ասեն, որ իրենց ձայները կեղծվել է՝ ուրիշ: Դուք այդ մարդկանց ընտրության իրավունքը չե՞ք ուզում հարգել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Անահիտ Բախշյանն էլ նկատեց, որ ընտրվել է «չխոսող մարդը»: Մարգարիտ Եսայանն էլ պատասխանեց. «Երբեմն լռությունը շատ ավելի խոսուն է »:





