AM
4 Դեկտեմբեր 2012 - 08:59 AMT

Անահիտ Բախշյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Նա, գոնե, ազնիվ է

Գալիք նախագահական ընտրություններից «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը որևէ լավ բանի չի սպասում, իսկ ահա ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսանայնը համոզված է, որ փետրվարին շատ լավ նախագահական ընտրություններ են լինելու: «ՀՀԿ-ն սպասումներ չունի, ՀՀԿ-ն ունի իր թեկնածուն, նա առաջադրվելու է: Տարաձայնությունը, տարակարծությունը, խաղեր տալու խնդիրը այլ քաղաքական ուժերն ունեն: Դրա համար էլ չեն առաջադրվում: Իսկ ՀՀԿ-ի համար նրանց այս վիճակը ոչ տաք է, ոչ՝ սառ: Ովքեր, որ կառաջադրվեն, իրենք կպայքարեն երկրորդ տեղի համար: Իշխանությունը գնում է բարեփոխումների ճանապարհով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարգարիտ Եսայանը: Ասուլիսին ներկա Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ ինքը անուղղելի լավատես է, բայց այն ինչ կատարվում է մեր իրականության մեջ, բոլոր տեսակի բացատրություններից դուրս է: Ըստ Անահիտ Բախշյան՝ արդեն 12 տարի իշխող քաղաքական ուժը երկիրը հասցրել այս վատ վիճակին և անհրաժեշտ է փոփոխություն: «Եթե հասարակությանը հաջողվի հասնել փոփոխությունների և ընտրություն կատարել, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լինել այդ փոփոխություններին հասնող մարդը:

Նա, գոնե, ազնիվ է»,- ասաց Անահիտ Բախշյանը և ավելացրեց, որ ճառ ասելը մի բան է, գործ անելը՝ մեկ այլ: «Հերիք է խոսենք և լսենք նախագահի լավ- լավ խոսքերը և մատ թափ տալը»,- ասաց նա և ավելացրեց. «ընտրությունների հարցում որևէ լավատեսություն չունեմ : Քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազում է, ընտրողների թիվը աճում: Սրանից աղակող փաստ, որ պատրաստվում են կեղծել ընտրությունները»: Անահիտ Բախշյանը նաև ավելացրեց, որ ընտրությունները պետք է լինեն արդար և օրինավոր: «Երբ ժողովուրդն է ընտրում նախագահին, նրան հանդուրժում են և ներում են նրա սխալները»,- ասաց նա: