AM
4 Դեկտեմբեր 2012 - 09:32 AMT

Քաղտեխնոլոգն ԱԺ լրացուցիչ ընտրությունների մասին. Ընտրողները «նիսիա» պատգամավորի հետևից չեն գնում

Ստյոպա Սաֆարյանը պետք է ԱԺ պատգամավոր դարձած լիներ մայիսի 6-ին կայացած ընտրությունների ժամանակ՝ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց P-Art ընկերության տնօրեն, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Հայաստանում կայացած ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրություններին: «Ստյոպա Սաֆարյանին ուղղակի խորհուրդ կտայի, որ չառաջադրեր իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, որովհետև դա անիմաստ պայքար է»,- ասաց նա:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ ոչ մի պրագմատիկ քաղաքական գործիչ մեծամասնական ընտրակարգով չի կարողացել հաղթել, եթե ՀՀԿ-ն «մեջքին չի կանգնել»:

Ասուլիսին ներկա էր նաև Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն ուժեղ էր և բնական է, որ կարողացավ հաղթել: «Ես չեմ ասում, որքանով էր ազնիվ, որքանով էր անազնիվ»,- նկատեց Ազատ Արշակյանը:

Կարեն Քոչարյանն էլ նշեց, որ այսօր մեր հասարակությունը առաջնորդվում է «նաղդի ու նիսիայի սկզբունքով» և ընտրողները «նիսիա» պատգամավորի հետևից այսօր չեն գնում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձավ ՀՀԿ-ի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, որն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է: