ՎԶԵԲ-ը հետագայում պատրաստ է դիտարկել Երևանի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման ֆինանսավորման հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Բայց նախ և առաջ պետք է գերազանց վիճակի հասցնել այն, ինչ կա: Երևանի մետրոպոլիտենի լայնածավալ վերակառուցման և արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է ինչպես ՎԶԵԲ, այնպես էլ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) կողմից համատեղ ֆինանսական հատկացումների շնորհիվ, հենց այդ նպատակին է ուղղված: Ծրագրի առաջին փուլն ավարտվեց, երկրորդը մեկնարկել է այս տարվա օգոստոսին և նպատակ ունի ամրապնդելու եղածը, վերազինելու, բարելավելու մետրոպոլիտենի ողջ համակարգը, ենթակառուցվածքները, ապահովել վագոնների հարմարավետությունը և մետրոպոլիտենի աշխատանքի արդյունավետությունը»,- նշեց նա` հավելելով, որ Մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման ֆինանսավորման հարցը կարող է դիտարկվել վերակառուցման և արդիականացման ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո:





