AM
4 Դեկտեմբեր 2012 - 13:49 AMT

Էդուարդ Շարմազանով. Ընդդիմադիր ուժերը միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն

Այն, որ ընդդիմադիր և այլընտրանքային ուժերը կարող են համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում, Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ հավանական է համարում: Ըստ Էդուարդ Շարմազանովի` այդ մասին են վկայում այն հակասությունները, որոնք կան ոչ միայն միմյանց հետ բանակցող ուժերի, այլև առանձին ուժերի ներսում գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից:

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր երկրում լինի մրցակցություն, բայց այսօր փաստը հետևյալն է. ես շատ մշուշոտ եմ համարում, որ ձախերը, կենտրոնամետները, այլընտրանքը, աջերը, լիբերալներն ու սոցիալիստները կարողանան ինչ-որ մի բանի շուրջ միասնական ճակատ ստեղծել, որովհետև թե՛ արտահերթի հետ կապված նրանց տարբեր դիրքորոշումները, թե՛ Մարտի 1-ի հանձնաժողովի կապակցությամբ փոխադարձ հրաձգությունը, թե՛ իրենց իսկ ֆրակցիայում տարբեր քվեարկությունները, թե՛ ռազմավարական տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտելը, թե՛ ապագա նախագահական ընտրությունների թեկնածուի հետ կապված ոչ-միասնական կարծիքի ձևավորումը, թե՛ այդ քաղաքական թիմերում անձնական կարծիքների առատությունը խոսում է մի բանի մասին, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ո՛չ միասնական ծրագրի, ո՛չ միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն»,- ասված է Էդուարդ Շարմազանովի տարածած հաղորդագրության մեջ: