ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ , մասնավորապես ասվում է.
«Ավարտվեց քաղաքական աշունը: Այն նշանավորվեց քաղաքական ռեվերանսներով, հնարքներով, բլեֆներով և վերջապես պաուզաներով: Համառոտ լինելու համար ասեմ՝ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում կամ ինչպես կասեր «Ֆաուստի» հեղինակը` չոր է տեսությունը, բարեկամս, բայց կյանքի ծառը փարթամորեն աճում է:
Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հանրապետականը շարունակում է իրականացնել քաղաքական բարեփոխումներ՝ հենվելով քաղաքական լայնախոհության և հանդուրժողականության վրա: Եվ առնվազն զարմանալի է, որ իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ իշխանությունների հանդուրժող վարքագիծը կարող են որակել որպես իրենց հաղթանակ: Հարգելիներս, մենք բոլորս մի նավի անդամներ ենք. չեն լինում հաղթանակներ յուրայինների նկատմամբ:
Այն, որ վերջին տարիներին աճել է թե՛ Հայաստանի միջազգային հեղինակությունը, թե՛ ժողովրդավարության մակարդակը, վկայում են ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթաժողովում հնչած գնահատականները:
Եվրոպացի մեր գործընկերները բարձր գնահատեցին Հայաստանի իշխանությունների ջանքերը` նշելով, որ իշխանությունները կարողացան լավ ընտրություններ կազմակերպել, և որ Հայաստանը Եվրամիության կարևորագույն գործընկերներից մեկն է: Այս հանդիպումների շրջանակում Նախագահ Սարգսյանը չորս հստակ ուղերձ հղեց միջազգային հանրությանը: Առաջին՝ Հայաստանը հավատարիմ է ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին, երկրորդ՝ մենք մեր գործընկերության տարածքում պետք է հայտարարենք զրոյական հանդուրժողականություն ուժի կիրառման սպառնալիքի և ռասիզմի նկատմամբ, երրորդ՝ «Մեծ քսանյակ»-ի անդամ Թուրքիան միակողմանի և ապօրինի կերպով փակ է պահում Արևելյան գործընկեր Հայաստանի սահմանը և չորրորդ՝ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է:
Ընդամենը երկու ամիս անց Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որտեղ մենք պետք է ընտրենք ոչ միայն ՀՀ Նախագահ, այլև գերագույն գլխավոր հրամանատար: Թե՛ այսօրվա ներքաղաքական իրողությունները, թե՛ Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնի վերածվելը, թե՛ իշխանությունների քաղաքական կամքն ու բարեփոխումերի անշրջելիությունը գալիս են հաստատելու հետևյալ փաստը. առաջիկա նախագահական ընտրությունների անմրցելի թեկնածուն գործող նախագահն է»:





